Եվրոպական ֆուտբոլում այս օրերին ազգային հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումների օրեր են: Ցավոք, առանձին ընտրանիներ դարձան մեր օրերի մեծագույն չարիքի՝ տեռորիստական սպառնալիքների թիրախ: Հետո ինչ, որ դիցուք, Ֆրանսիա-Գերմանիա խաղը չընդհատվեց, բայց հո՞ հանդիսատեսն ու ֆուտբոլիստները կարող էին կանգնել ծանրագույն փաստի առաջ, եթե չարագործներին հաջողվեր իրենց սև գործը մարզադաշտի մերձակա տարածքից հասցնել խաղադաշտ: Իսկ ինչ է, մոռանա՞նք, որ հնարավոր սադրանքի պատճառով չկայացան Գերմանիա-Նիդերլանդներ, Բելգիա-Իսպանիա հանդիպումները: Եվ արդյո՞ք իրականում իսկապես չի կարելի տագնապել եկող տարի Ֆրանսիայում կայանալիք հին աշխարհի առաջնության համար: Հարցեր են, որոնք պատասխաններ են ուզում ու այն էլ ոչ զգացմունքային հողի վրա, որովհետև ուռա-լավատեսները, երբ ողբերգությունը դառնում է իրողություն, նրբորեն քաշվում են ծակերը՝ մինչև իրենց հերթական ժամի հասնելը:
Եվ այնուամենայնիվ փարիզյան նոյեմբերտասներեքյան ողբերգության հրաշալի պատասխանը տրվեց մի քանի օր անց, Լոնդոնում, Անգլիա-Ֆրանսիա հանդիպման ժամանակ: Ի պատիվ իրենց, անգլիացիներն ամեն ինչ փայլուն էին կազմակերպել՝ թե՛ ստադիոնը գոտևորող հսկա կամարը ֆրանսիական եռագույնի լուսազարդարումով, թե՛ մարզասերներին ֆրանսիական դրոշների բաժանումով, թե՛ նախքան մրցավարական սուլիչի հնչելը «Մարսելյոզի» կատարումով, թե խաղից առաջ, բուն մարզադաշտում ծաղկեպսակներով զոհվածների հիշատակը հարգելով, ինչը, որքան գոնե ես եմ հիշում, նախկինում չի եղել: Իհարկե, սրա կողքին եղավ և խուժանի սուլոցը Թուրքիա-Հունաստան հանդիպման ժամանակ, երբ զոհերի հիշատակը հարգելու համար հայտարարվել էր լռության րոպե: Սակայն թույլ տվեք ցավոտ այս հարցերից կտրուկ անցում կատարել խնդրի մարզական բաղադրիչին, այն է, այդ հանդիպումներին, դրանցում գրանցված արդյունքներին: Այսպես, վերը հիշատակված Անգլիա-Ֆրանսիա դիմակայությունն ավարտվել է տանտերերի հաղթանակով: Գոլերից մեկի հեղինակն այս ընտրանու տասնիննամյա նորեկ Ալին էր, ում մեծ ապագա են խոստանում, մյուսը Ռունին էր, ով լրացուցիչ ներկայացման կարիք չունի: Հաղթանակներ են գրանցվել Իսպանիա-Անգլիա (2:0), Բելգիա-Իտալիա (3:1) ՈՒելս-Հոլանդիա (2:3), Լեհաստան-Իսլանդիա (4:2), Լեհաստան-Չեխիա (3:1), Չեխիա-Սերբիա (4:1), Կատար-Թուրքիա (1:2), Ռուսաստան-Պորտուգալիա (1:0), Ռուսաստան-Հորվաթիա (1:3) դիմակայություններում, ոչ-ոքի է ֆիքսվել Իտալիա-Ռումինիա (2:2), Թուրքիա-Հունաստան (0:0) մրցակցություններում: Հասկանալի է, որ սա կայացած հանդիպումների ամբողջական ցանկը չէ:
Դառնանք անցումային խաղերին, որոնց հաղթողները ձեռք բերեցին Եվրոպայի առաջիկա առաջնության մասնակցության ուղեգիր: Ժամանակագրականով պայմանավորված՝ առաջինը դա արեցին հունգարացիները: Նորվեգացիների հետ պայքարում նրանք հաղթեցին թե՛ արտագնա (1։0), թե՛ տնային խաղում (2:1): Սա հունգարական ֆուտբոլի մեծ հաղթանակն էր: Երեսուն տարի անց այն նորից է իրավունք ստանում լինելու մեծ ստուգատեսի եզրափակչի մասնակից:
Բոսնիա և Հերցեգովինա-Իռլանդիա մրցակցությունը հանգուցալուծվեց հօգուտ վերջինների: Առաջին խաղի ոչ-ոքիին՝ 1:1, իռլանդացիները տանն ավելացրին երկու անպատասխան գնդակի տարբերությամբ հաղթանակն ու նույնպես մտան եզրափակիչ:
Արտագնայում ՈՒկրաինայի ընտրանուց կրած պարտությունը (0։2), սլովենացիների շանսերը չէր զրոյացրել, սակայն հասցրել էր նվազագույնի: Պատասխան խաղում արագ գոլը տանտերերին կարող էր դեռևս հույսի նշույլներ թողնել: Սլովենացիները պահանջված արագ գոլն ապահովեցին, սակայն ավելիին չկարողացան հասնել, ու դրա հիմնական մեղավորներն իրենք էին, որովհետև ունենալ այդքան գոլային պահեր ու չկարողանալ դրանք իրացնել, նշանակում է հաղթաթուղթը տալ հակառակորդին: Խաղի վերջին տասը րոպեները ռեգբիի վերածած բալկանցիները բաց թողեցին պատասխան գոլը, թեպետ 1:0 հաշիվն էլ նրանց դուրս էր թողնում եվրոպական մեծ տոնահանդեսից:
Եվ, վերջապես, անցումային վերջին խաղի մասին: Բոլոր դեպքերում խոստովանենք, որ համաշխարհային ֆուտբոլի համար աններելի շռայլություն կլիներ, եթե աշխարհի առաջնության կողքին նաև եվրոպականը բաց թողներ մեր ժամանակների ունիկալ ֆուտբոլիստներից մեկը՝ Զլատան Իբրահիմովիչը: Առաջին հանդիպման 2:1 հաշիվը պատասխան խաղից առաջ շվեդներին, բնականաբար, հարյուր տոկոսով ոչինչ չէր երաշխավորել: Մնում էր խիզախել նաև երկրորդ խաղում՝ գոնե ոչ-ոքիի տեսքով: Սակայն ի՞նչ ոչ-ոքիի մասին էր խոսքը, երբ նրանք բացահայտ հաղթական տրամադրությամբ էին մտել խաղադաշտ: Այդ նույն հանրահայտ Իբրան իր գոլային ծարավը կոտրեց նաև դանիական հողում: 2:0 հաշվով հաղթանակն ավելի քան ամրության մեծ պաշար էր, եթե չլիներ հանդիպման ավարտը հյուրերի համար կատարյալ մղձավանջի վերածած տանտերերի պոռթկումը: Դանիացիները բնավորություն ցույց տվեցին, կարողացան անգամ հաշիվը հավասարեցնել, սակայն այդ օրը նրանց վիճակված չէր հերոսանալ: Այսպիսով, հայտնի քսանին ավելացավ անցումայիններում հաղթանակի հասած վերոհիշյալ քառյակը: Իհարկե, ցավալի է, որ այդ քսանչորսի մեջ մենք չկանք, սակայն ամբողջ դժբախտությունն այն է, որ երբեք էլ չենք լինի, քանի դեռ պետության մակարդակով չեն մաքրվել հայկական ֆուտբոլի ավգյան ախոռները, որտեղ գարշահոտությունից ավելի տհաճ են «բուրում» լկտիությունն ու սանձարձակությունը: Սակայն սա առանձին թեմա է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ